Գագիկ Խաչատրյանի որդիները համաձայնության են եկել 63.500.000$ արժողությամբ առանձնատան վաճառքի հարցում

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ խաչատրյանի որդիները նախնական համաձայնություն են ձեռք բերել իրենց պատկանող ամերիկյան շքեղ առանձնատունը վաճառելու շուրջ, սակայն գործարքը դեռ ավարտին չի հասցվել: Այս մասին գրում է Hetq.am-ը։

Հիշեցնենք, որ ամերիկացի դատախազները դատարանի միջոցով ցանկանում են բռնագանձել այս գույքը՝ համարելով, որ այն ձեռք է բերվել անօրինական միջոցներով:

 

2011 թ․ Խաչատրյանի որդիներից ավագը՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով գնել էին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive)։ 2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն էին կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

 

Երկհարկանի նոր վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։ 

 

2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են։

 

Այս տարվա ապրիլի 7-ին առանձնատունը հանվել է վաճառքի 63.500.000 դոլարով: Դրանից շատ չանցած՝ մայիսի 2-ին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։

 

Խաչատրյանների տան վաճառքով զբաղվում է «Hilton and Hyland» գործակալությունը։ Ապրիլից այս կողմ գույքի գինը մնացել է նույնը՝ 63,5 մլն դոլար: Սակայն հետաքրքիր է, որ գործակալության կայքում այս գույքի վաճառքի մասին հայտարարությունն այլեւս հասանելի չէ: 

Առավել հետաքրքիր է անշարժ գույքի գործարքներով զբաղվող տարբեր ամերիկյան կայքերում առկա ինֆորմացիան առանձնատան մասին: Դրանցից շատերում գույքի վերաբերյալ այս պահին արված է «under contract», «active under contract» կամ «accepting backup offers» նշումը, ինչը նշանակում է, որ Խաչատրյանները գրավոր համաձայնություն են ձեռք բերել հավանական գնորդի հետ, սակայն այն վերջնական չէ, այսինքն՝ տվյալ գույքը գնել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց գնային առաջարկները:

 

 

 

 

Քաղաքականություն