ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բադալյանի մոտ արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է․ Բաբայան

 Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, նա ունի հատուկ խնամքի կարիք: Տեղեկությունն իր տելեգրամյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

 

Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Միկա Բադալյանը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել։

«Միքայել Բադալյանի հետազոտությունը «Հանրապետական» հիվանդանոցում ավարտվեց: Ախտորոշումը հրապարակել չեմ կարող, քանի որ օրենսդրությամբ չի թույլատրվում: Իշխանությանը կոչ եմ անում քաղբանտարկյալ Միկա Բադալյանին անհապաղ ազատ արձակել»,–գրել է Բաբայանը։

Նրա խոսքով` բլոգերի մոտ արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է:

 

Բաբայանը նաև տեսանյութ է հրապարակել` ասելով, որ Բադալյանին հիվանդասենյակ են տեղափոխել։

Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

 

 «Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն»,–գրել է նա։

 

Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։

Միկա Բադալյանին կալանավորել էին մայիսի 24-ին, իսկ հուլիսի 18-ին դատարանի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել է 20 օրով:

Քաղաքականություն