Պավել Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր-1» գործով ազատազրկման դատապարտված Պավել Մանուկյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ առաջիկայում պետք է ենթարկվի վիրահատության։ 

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պավել Մանուկյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և, ըստ պաշտպանի, նրա մոտ առկա առողջական խնդիրներն անհամատեղելի են ազատազրկման հետ։ Պաշտպանը դիմում էր ներկայացրել՝ Պավել Մանուկյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից առնվազն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու մասին, սակայն տևական ժամանակ՝ դիմումին ընթացք չէր տրվում, իսկ կալանավայրում հնարավոր չէր ապահովել պատշաճ բուժօգնություն։ Խնդրի մասին Մանուկյանի կինը ահազանգել էր նաև ՄԻՊ-ին։ 

Ի վերջո, այսօր, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը, Մանուկյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021թ հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։ 
 

Քաղաքականություն