Ժորա պապին մեղադրանք է առաջադրվել` ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար

 Արցախյան 3 պատերազմների մասնակից Գեորգի Արեստակեսյանին, որը հայտնի է նաև Ժորա պապ անունով, մեղադրանք է առաջարվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։ Ժորա պապը մեղադրվում է «կարմիրբերետավոր» ոստիկաններից մեկի հանդեպ բռնություն գործադրելու համար։

«Նշվում է, որ բռնությունն իբրև թե կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել»,– նշել է փաստաբանը։

 

Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է այդ պահին տեղի ունեցածը։ Շխիմյանը նաև ընդգծել է, որ Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսվել է դատաբժիշկը։

«Ժորա պապը հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն մեղադրանք առաջադրվեց հենց իրեն»,– գրել է փաստաբանը։

Հայտնել էինք, որ Գեորգի Արեստակեսյանը, որը մայիսի 16-ին իր հեծանվով մասնակցում էր «Դիմադրություն» շարժման խաղաղ ավտոերթին, նույն օրը ձերբակալվել էր։

 

Արիստակեսյանը ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ է, պահեստազորի ավագ լեյտենանտ։

Հիշեցնենք, որ Երևան մտնող հիմնական մայրուղիներից մայիսի 16-ին ավտոերթերով մայրաքաղաք հասած ընդդիմադիրներից շուրջ 90-ը ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանությունում էին։ Այդ օրը վաղ առավոտից` ժամը 08։00-ից, ավտոերթեր էին մեկնարկել Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։

Քաղաքականություն