Երևանը մոտ 1 տարի անց 100 նոր ավտոբուս կունենա. քաղաքապետը պայմանագիր է ստորագրել

Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուս։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

 

«Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տեղի ունեցավ նոր տրանսպորտային համակարգի ներդրմանն ուղված ևս մեկ քայլ՝ ստորագրվեց պայմանագիր։ Համաձայն դրա` ավտոբուսների մատակարարման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ-ապրիլ ամիսներ։ Նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացվել են և շուտով ևս կմեկնարկեն մի շարք գործնական քայլեր»,– գրել է Սարգսյանը։

 

Նա շեշտել է, որ մոտ օրերս հայտարարվելու է ևս 100 հատ 8.6 մետրանոց ավտոբուս ձեռք բերելու մրցույթ։ Ավտոբուսների ժամանակակից լվացման կայանի համար հայտարարվել է մրցույթ: 2022թ․ ընթացքում նախատեսվում է որոշ երթուղիներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումն ավարտել 2023–ին։ 

 

Կառավարության աջակցությամբ շուտով մեկնարկելու են ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։

 

Կառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել մասնավոր օպերատորներին և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել յուրաքանչյուր կիլոմետրի համար։

 

Մինչև տարեվերջ տեղադրված կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց։

 

Քաղաքականություն