Իշխանության ով ուզում է, թող լինի, բայց Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում. 44-օրյա պատերազմի մասնակից

 Մենք այս ընթացքում արձանագրել ենք, որ անկախության սերնդի մեջ կա կրիտիկական զանգված և այդ զանգվածը ի զորու է նոր պրոցես սկսել, այժմ կարող ենք հայտարարել, որ սկսում ենք պայքարի երկրորդ փուլը։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, օրեր առաջ հացադուլը դադարեցրած երիտասարդներից Արթուր Ավագյանը։

 

«Մենք շփվել ենք և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիների հետ, բոլորի մոտ Արցախի ճակատագրի հետ կապված դիրքորոշումը նույնն է, այսինքն՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, բոլորը նույն բանի մասին են խոսում։ Սկզբունքը հետևյալն է՝ իշխանության ով ուզում է, թող լինի, բայց Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այս պայքարը ընդդիմության օրակարգ չէ, սա անկախության սերնդի օրակարգն է։ Անկախության սերնդի գոյության իմաստը վտանգված է»,- ասաց նա։

 

Երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ՝ ուղերձ հղելով անկախության սերնդին՝ գործել «Արցախը Ադրբեջանի կազմում չլինի, ով ուզում է լինի» սկզբունքով։

«Արցախի ԱԺ հայտարարությունից հետո ներկայիս իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է, ցանկացած վստահեցում, որ անկախության սերնդի առաջ քաշած օրակարգը սպասարկվում կամ սպասարկվելու է իրենց կողմից, ենթակա է կասկածի։ Երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, երբ Արցախի օրենսդիր մարմինը սթափության կոչ անի ՀՀ իշխանություններին, պետք է խուլ լինես, որ չլսես, թե սրա տակ ինչ կա»,- ասաց Նվեր Կիրակիոսյանը։

 

Վերջինս հավելեց, որ իրենք դառնալու են ճնշման խումբ՝ մեկ օրակարգով։

Քաղաքականություն