
Ադրբեջանը լայն թափով լծվել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.
«Ադրբեջանը լայն թափով լծվել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Սյունիքից մեզ հայտնում են, որ այլընտրանքային ճանապարհը, որը պետք է անցնի Տեղի, Խնձորեսկի տարածքով, գրեթե ավարտին է հասնում, մոտ մեկ ամիս առաջ էլ Խնձորեսկ համայնքի տակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում, ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, մի փոքր հեռու էլ մաքսակետ են կառուցում:
Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարության պայմաններով։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:
Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։