
ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանին, ով հայտնի է «Գոլդեն Փելիսի» գնմամբ. «Ժողովուրդ»

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Լրատվականին հայտնի է դարձել, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
«Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը որոշել է քննության առարկա դարձնել նաև առանձնատունը պատշաճ գնելու գործընթացը, ինչը ենթադրում է, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանին, որը հասարակությանը հայտնի դարձավ «Գոլդեն Փելիս» գերթանկարժեք հյուրանոցը գնելով: Ինչպես հայտնի է, գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2.452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչև օգոստոս կվճարի։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել էր Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը դեռևս 2018 թվականից ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր պահվում: Եվ, ահա, նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր, թե ինչպես և ում թեթև ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել:
Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ՝ ստուգելու, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է և դատելով իրավիճակից՝ բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ»: