Ռուսաստանցիներին պատկանող 14 զբոսանավ է առգրավել

Նիդեռլանդները ռուսաստանցիներին պատկանող 14 սուպեր զբոսանավ է առգրավել, 516 միլիոն եվրոյի ակտիվներ է սառեցրել եւ 155 միլիոն եվրոյի գործարքներ է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը Վոպկե Հեքստրան, փոխանցում է CNN-ը։

 

Հեքստրան պարզաբանել է, որ այս պահին Նիդեռլանդների հինգ նավաշինական գործարաններում 12 զբոսանավ է կառուցվում ռուսաստանցի շահառուների համար:

Թեեւ սեփականատերերից ոմանք եվրոպական պատժամիջոցների ցանկում չկան, «արտահանման ընթացիկ միջոցառումների պատճառով այդ նավերն այս պահին չեն կարող առաքվել»,- ասել է նա՝ հավելելով, որ «այդ զբոսանավերի սեփականության կառուցվածքը հետագա քննարկման փուլում է»։

Այդ 12-ից բացի, հոլանդական նավաշինական գործարաններում սպասարկվող երկու զբոսանավ ավելի խիստ մաքսային հսկողության են ենթարկվել, եւ «այդ զբոսանավերից մեկը հետաքննվում է եվրոպական պատժամիջոցների ցուցակներում գտնվող անձի հետ կապված»:

Առաջին պատժամիջոցներից ի վեր Ռոտերդամի նավահանգստում «առանց Ռուսաստան/Բելառուս տարանցման համարյա 30.000 բեռնարկղ է կանգնեցվել» եւ հետաքննվել՝ «որոշելու համար՝ դրանք պատժամիջոցների են ենթակա, թե՞ ոչ», հավելել է նա:

Մոտ 5500 բեռնարկղ առգրավվել է՝ մեկ միավորի համար 300 եվրո արժողությամբ շքեղության իրերի պահման կասկածանքով։

Քաղաքականություն