
Առանց հիմնավորման ապամոնտաժվում են Իսահակյանի, Արամի և Ամիրյան փողոցների էլեկտրական լիցքավորման կայանները. Հայկ Հարությունյան

Քաղաքապետարանը՝ ծխի, մրի, աղմուկի, վտանգավոր արտանետումների կողմնակից: Մեկուկես տարի է, ինչ էլեկտրոմոբիլների լիցքավորումը Երևանում իրականություն էր դարձել: Մեր՝ էկոքարս ընկերության լիցքավորման կայաններից օգտվում էին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բնակիչներ: Այս մասին գրում է ընկերության գործադիր տնօրեն Հայկ Հարությունյանը:
«էլեկտրոմոբիլներն օդը չեն աղտոտում, աշխատում են անաղմուկ, համարվում են էկոլոգիապես մաքուր տրանսպորտ:
Բայց արի ու տես՝ Երևանի քաղաքապետարանը վտանգավոր արտանետումների կողմնակից է: Լիցքավորման կայանների գործունեության համար բարենպաստ պայմաններ ու հստակ ընթացակարգ ստեղծելու փոխարեն, անարձագանք թողնելով մեր ընկերության բազմաթիվ նամակներ, մեզ ընդառաջ է գալիս կտրուկ քայլով:
Այս տարվա ապրիլին, առանց որևէ փաստաթղթի և հիմնավորման, Իսահակյանի, Արամի և Ամիրյան փողոցների էլեկտրական լիցքավորման կայաններն ապամոնտաժվում են: Մենք առնվազն հույս ունենք, որ սա քաղաքապետարանի ապաշնորհ չինովնիկների կամայականություն է, այլ ոչ թե գիտակցված քայլ՝ ուղղված քաղաքի օդն աղտոտելուն և դրա հետևանքով տարբեր հիվանդություններով քաղաքացիների թիվը շատացնելուն:
Այսօր առկա լուրջ խնդիրների ֆոնին կանաչ տրանսպորտի աշխատանքին խոչընդոտելը, թվում է՝ մեծ հարց չէ: Իրականում այս փոքր խնդիրները լուծելու անկարողությունն է ցուցադրում քաղաքային իշխանությունների խղճուկ ու անհեռատես քաղաքականությունը: Մենք դեռ հույս ունենք, որ քաղաքային իշխանությունը հանդես կգա այս անհեթեթ որոշումը հիմնավորող որևէ տրամաբանական բացատրությամբ»,- գրել է նա: