
Գերմանիան ոչ մի դեպքում չի օգտագործի սեփական զինված ուժերը

Գերմանիան ոչ մի դեպքում չի օգտագործի սեփական զինված ուժերը Ուկրաինայի տարածքում։ Այս մասին շաբաթ օրը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Զորնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն, ինչ ասել են և՛ կանցլեր Օլաֆ Շոլցը, և՛ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վերաբերում է նրան, որ մենք ոչ մի դեպքում չենք օգտագործի մեր ուժերը ուկրաինական հողում», - ասել է Զորնը:
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ եթե Ստամբուլում Ռուսաստանի ու Ուկրաինայի վերջին բանակցությունները չհանգեցնեն Ուկրաինայում հրադադարին, ապա մոտ ապագայում կարելի է ակնկալել «պարտիզանական պատերազմի» խստացում։
«Կարծում եմ, որ այդ ժամանակ մենք ականատես կլինենք պարտիզանական պատերազմի խստացմանը»,- ընդգծել է Զորնը՝ հավելելով, որ Կիևը պատրաստվում է նման պատերազմի մարտավարությանը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ։ Դրանում, ըստ Գերմանիայի կառավարության ղեկավարի, նրա հետ համաձայն են թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ-ը։ Շոլցը հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը։ «Այդպես պետք է մնա»,- եզրափակել էր Շոլցը։