Ինչ են ասել քաղաքապետարանում. Չեխովի դպրոցի ուսուցիչներից մեկն ամփոփել է հանդիպումը

Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչներն ու ծնողները, որոնք քաղաքապետարանում հանդիպում են ունեցել աշխատակազմի կրթության վարչությունում, դուրս գալուց հետո հայտարարեցին, որ քաղաքապետարանն անդրդվելի է՝ Չեխովի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դիանա Միասնայը կշարունակի մնալ այդ պաշտոնում մինչեւ տնօրենի ընտրությունը, որը կայանալու է ապրիլի 14-ին: Այս մասին հյտնում է News.am-ը:

 

Դպրոցի ուսուցիչներից մեկը, ով մասնակցել էր հանդիպմանը, լրագրողներին ասաց. «Ես հասկացա, որ փակուղի ենք մտել. Մեզ միայն ասացին՝ խոստանում ենք, որ ամեն ինչ լավ կլինի: Դա խոստում չի, դա ուղղակի այս պահին ամեն ինչ հարթելու տարբերակ է: Իրենց կարծիքն այն էր, որ միգուցե հաշվապահը լավ դպրոց կառավարի: Ասում են, որ հավանել են Դիանա Մինասյանի զարգացման ծրագիրը եւ իրենց որոշումը փոփոխման ենթակա չէ: Մենք որոշել ենք, որ տնօրենի ընտրությունից հետո, որը կայանալու է ապրիլի 14-ին, չենք լռելու»:

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  այսօր Չեխովի դպրոցի աշակերտները, ուսուցիչները եւ ծնողները բողոքի ակցիա են իրականացրել քաղաքապետարանի դիմաց: Նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականություններն այսօրվանից կատարում է Դիանա Մինասյանի, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։

Բանն այն է, որ դեկտեմբերին լրացել է դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պշտոնավարման 5 տարի ժամկետը: Օրենսդրության համաձայն հոկտեմբերին տեղի է ունեցել մրցույթ, որի ժամանակ տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գայանե Սարուխանյանը, դպրոցի ուսմասվար Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որը դպրոցում չի աշխատում, այլ դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ըստ տարածված լուրերի Դիանա Միասյանի ամուսինը  նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերն է:

Երեք անգամ մրցույթ է տեղի ունեցել, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել: Քաղաքապետարանն իր ձայները տվել է Դիանա Մինասյանին, ուսուցչական անձնակազմը եւ ծնողական կոմիտեն իրենց ձայները տվել են Գայանե Սարուխանյանին, իսկ Տաթեւիկ Մելքոնյանի օգտին քվեարկել է միայն ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները:

 

Քանի որ դեկտեմբերին լրացել էր Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը, նրա լիազորությունները դադարել են եւ քաղաքապետարանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսմասված Տաթեւիկ Մելքոնյանը:

Դեկտեմբերից մինչ օրս նա պաշտոնավարել է որպես տնօրենի ԺՊ, սակայն այսօր նամակ է ստացել քաղաքապետարանից, որ որեւէ բան չստորագրի որպես ԺՊ, որովհետեւ այլ մարդ է նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:

Սա անակնկալ է եղել ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների համար, ինչն էլ առաջացրել է նրանց վրդովմունքը:

Նշենք, որ տնօրենի նոր ընտրությունը կայանալու է ապրիլի 14-ին, որին առաջադրվել է 4 թեկնածու՝ Տաթեւիկ Մելքոնյանը, Դիանա Մինասյանը եւ եւս երկու ուսուցիչներ այլ դպրոցներից:

 

Հիշեցնենք, որ ըստ օրենսդրության, դպրոցի տնօրեն ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի ներկայացուցիչ, այսինքն քաղաքապետարանից, 1 հոգի նախարարությունից։

Քաղաքականություն