ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հեռանում է՞

Hraparak.am-ը գրում է․ 

Վերջին օրերին հանրային կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը ՀՀ դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի հակասություններն ու փոխադարձ մեղադրանքներն էին, որոնք հնչեցին հրապարակավ՝ ի ցույց դնելով, թե ինչքան է պառակտված նաեւ իշխանական իրավապահ դաշտը։ Ապա հայտնի դարձավ, որ հակասություններ կան դատախազության եւ մյուս կառույցների, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի միջեւ։ Հետո գլխավոր դատախազը հայտարարեց, որ պետք է ուսումնասիրեն, թե ինչպես է արգելանքից հանվել եւ վաճառվել Հովիկ Աբրահամյանի դղյակը, Հակակոռուպցիոն կոմիտեն պատասխանեց։ Ապա դատախազությունը սկսեց հաղորդագրություններ տարածել, որտեղ ներկայացնում էր, թե ինչ աշխատանքներ է կատարել, ինչ հաջողությունների է հասել եւ ինչքան փող է հետ վերադարձրել պետբյուջե։ 

Այս պահվածքից հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարապի երգն է երգում՝ նա շուտով հրաժեշտ է տալու աթոռին, քանի որ պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, եւ նոր պաշտոնի հույսեր, թերեւս, չի կարող փայփայել։ Այժմ իշխանությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխարինող է փնտրում, թեկնածուների, ինքնառաջադրվողների պակաս չկա, սակայն կառավարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընտրել նոր դատախազին։
 

Հավելենք, որ 2022 թվականի սեպտեմբերին լրանում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը։

Քաղաքականություն