Արցախից համեստորեն ասում են, թե պարենային խնդիրներ չկան, բայց մարդիկ խուճապային տրամադրություններ ունեն. նախկին փոխնախարար

Եթե հավատանք կառավարությանը, թե ցորեն ամբարված է և պարենային անվտանգության խնդիր չենք ունենա, նույնը չենք կարող ասել անասնակերի՝ հատիկային, խտացրած կերերի մասին։ Նաև հացահատիկի, հատիկաընդեղենի, կերային մշակաբույսերի սերմացուների լուրջ խնդիր ունենք, Aysor.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ 

«Կառավարությունից ասում են՝ նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների կանխատեսվող դեֆիցիտ չկա, թվեր հրապարակելով՝ փորձում են փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ, բայց փաստ է, որ համատարած գնաճ ունենք, որը չի կառավարվում, չի կարգավորվում», - նշեց նա։ 

Փորձագետն ասում է՝ խնդիրները «կոսմետիկ հարդարմամբ» ծածկելը ավելի է բարդացնում դրությունը, նոր խնդիրների պատճառ դառնում։ Չկա ռազմավարական մտածողություն, պրոակտիվ քաղաքականություն։ 

«Էկոնոմիկայի նախարարը կոչ է անում հող մշակել, հետաքրքիր է՝ իսկապե՞ս ակնկալում է, որ կոչը բավարար է մարդկանց մոտիվացնելու համար. տեխնիկան թանկ է, պահեստամասերը թանկ են, պարարտանյութի խնդիր կա. ոչ միայն չի ներկրվում, ներկրվածն էլ թանկ է, սուբսիդավորման դեպքում էլ, այնպես չէ, որ այդ փողերը պետության պահուստից չեն գնում։ Եվ հետո, նախ պետք է ցանք լինի, որ պարարտացվի, անմշակ հողերի ի՞նչը պարարտացնեն», - ասաց Հարությունյանը։ 

Նախկին փոխնախարարն ահազանգում է՝ տարեցտարի պակասել են աշնանացան ցորենի ցանքերը, երկու տարի է՝ ինքանաբավության մակարդակը մոտեցել է 23-24.5 տոկոսի, այնինչ ագրարային ճիշտ քաղաքականությամբ բոլոր հնարավորությունները կան՝ ինքնաբավության մակարդակը հասցնելու մինչև 80-85 տոկոսի։
 

«Արցախից համեստորեն ասում են, թե պարենային խնդիրներ չկան, բայց մարդիկ խուճապային տրամադրություններ ունեն. չպետք է թույլ տանք, որ Արցախում մարդկանց ֆիզիկական անվտանգության խնդիրներին գումարվեն պարենային անվտանգության խնդիրները», - նշեց նա։

Նախկին փոխնախարարը հիշեցնում է՝ մինչև պատերազմն Արցախը ոչ միայն կարողանում էր լիարժեքորեն սեփական ինքնաբավությունն ապահովել, այլ նաև «պահեստ» էր ՀՀ-ի համար. չգնահատվեց։

Քաղաքականություն

Պատահարներ