Ռուբլին անկել է․ պահանջարկը ՀՀ–ում բարձրացել է
Ռուսաստանի ռազմական գործողությունների ու դրա արդյունքում ռուսական ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին ՀՀ քաղաքացիները շտապում են էժան գներով ռուբլի ձեռք բերել։ Այս տեղկությունները Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը։
«Իմ տեղեկություններով` այսօր առավոտից բնակչությունն իր մոտ եղած դրամը, դոլարը, եվրոն, այն, ինչ ունեն, փոխանակում են ռուսական ռուբլու հետ, որովհետև ռուբլին էժանացել է»,– հայտնել է Ճզմաչյանը։
Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նաև հայստանյան բանկերից մեկի փոխանակման կետում։
«Երեկվանից սկսած` ռուսական ռուբլի գնողների թիվն իրոք ավելացել է։ Իսկ նախորդ օրերին ռուբլի փոխանակողներ գրեթե չկային, բոլորը միայն գինն էին հարցնում, հետաքրքրվում»,– ասել է լրատվականի զրուցակիցը։
Հայաստանյան բանկային համակարգում, թերևս, փետրվարի 23-24-ին գրանցված ռուսական ռուբլու չնչին արժևորումը հենց այս կտրուկ ավելացած պահանջարկի արդյունք է։
ԿԲ–ի սահմանած փոխարժեքով ռուսական ռուբլին փետրվարի 22-ին գրանցել է ռեկորդային ցածր` 1ռուբլու դիմաց 5.99 դրամ փոխարժեք, իսկ փետրվարի 23-ին` 6.03 դրամ։
Այսօր Հայաստանի բանկերում ռուբլին գնվում է նվազագույնը 5, առավելագույնը` 5.55 դրամով, վաճառքի գինը նվազագույնը 5.59, առավելագույնը` 6.20 դրամ է։
Ռուսական ռուբլու նկատմամբ մեր երկրում ավելացած պահանջարկը, սակայն, Սամվել Ճզմաչյանի մեկնաբանմամբ, այդ բնագավառում լուրջ փոփխություններ չի առաջացնի։
«Ինձ հասած տեղեկություններով` Հայաստանի բանկային ոլորտում ռուբլու բավականին մեծ պաշար կա»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ, Ճզմաչյանը ռուբլու փոխարժեքի տատանումները բնական է համարում` Ռուսաստանի հայտարարած ռազմական գործողությունների ու ՌԴ–ի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների ֆոնին։
«Պատերազմը` մեկ, սանկցիաները` երկու, դրանց գումարած նաև հոգեբանական վիճակը։ Բնական է, որ տվյալ երկրի փողը պետք է իր դիրքերը կորցնի (գոնե որոշ չափով), ինչը և տեղի ունեցավ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը` 1 դոլարի հետ համեմատած, 75 դոլարից դարձել է հիմա 81-82։ Կարող է մի քիչ էլ ավելանալ։ Բայց կարծում եմ` միջինը 80-ի վրա կկանգնի»,– կանխատեսել է մասնագետը` միաժամանակ հույս հայտնելով, որ այսօր ընթացող ռազմական գործողությունները լայնածավալ պատերազմի չեն վերածվի և հնարավորինս արագ կավարտվեն` նվազագույն մարդկային ու տնտեսական կորուստներով։
Հարցին, թե ինչպես կազդի ռուբլու փոխարժեքի անկումը Ռուսաստանում աշխատող, այդ երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակի վրա, Սամվել ճզմաչյանն այսպես պատասխանեց.
«Այնպես չէ, որ 95 տոկոսով մենք ապրում ենք Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտներով։ Բայց, իհարկե, որոշակի ազդեցություն կարող է ունենալ։ Ամեն դեպքում, ՌԴ–ում աշխատող ու ապրող անձինք պետք է հասկանան, որ եթե այսօր ՌԴ–ում փող են աշխատում ու դրանից ուղարկում Հայաստան` իրենց ընտանիքներին, ապա պիտի նաև տանեն տվյալ երկրում եղած դժվարությունները»։
Այդուհանդերձ, ՀՀ տնտեության վրա Ռուսաստանում ստեղծված վիճակի լուրջ բացասական ազդեցություն Ճզմաչյանը չի կանխատեսում` հիշեցնելով, որ ՀՀ տնտեսության շարժիչ ուժն այսօր հանքարդյունաբերությունն է։
Իսկ մետաղների միջազգային գները շարունակում են բարձր մնալ։