10 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիային Կանբերրայում

Կորոնավիրուսային սահմանափակումների եւ պարտադիր պատվաստման դեմ բողոքող 10 հազար ցուցարար կիրակի հավաքվել է Կամբերայում՝ Բարեկամության այգում եւ Ավստրալիայի խորհրդարանի մերձական փողոցներում: The Canberra Times թերթի հաղորդմամբ՝ ցույցը խաղաղ է, Ավստրալիայի մայրաքաղաքի ոստիկանությունն այն ցրելու քայլեր չի ձեռնարկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Թերթի տվյալներով՝ ցուցարարները, որոնք շաբաթ ժամանել են երկրի տարբեր շրջաններից, կայանել են հարյուրավոր մեքենաներ, բեռնատարներ եւ մոտոցիկլետներ խորհրդարանի հարեւանությամբ գտնվող փողոցներում եւ հավաքվել խորհրդարանի դիմաց: Իրենց շարժումը նրանք անվանել են Convoy 2022՝ հետեւելով կանադացի բեռնատարների վարորդներին, որոնց բողոքի ակցիաները մեկնարկել են հունվարին հյուսիսամերիկյան երկրում: 

Այգու ղեկավարությունը հայտնել է, որ ցուցարարները կարող են մնալ այդ տարածքում մինչեւ կիրակի՝ փետրվարի 13-ի երեկոյան, որից հետո անհրաժեշտ է դադարել ակցիան եւ հեռանալ հանրային տարածքից, քանի որ այնտեղ մեկնարկելու են ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներ: Ավստրալիայի մայրաքաղաքի ոստիկանությունն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվի այգու վարչակազմի պահանջին, կհամարվեն հասարակական կարգը խախտողներ եւ կենթարկվեն վարչական հետեւանքների: 

Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցները բողոքում են ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարի սահմաններում իշխանությունների կողմից հաստատված կանոնների ու սահմանափակումների: Մասնավորապես, ցուցարարները դժգոհ են քաղաքացիների մի քանի կատեգորիաների համար պարտադիր պատվաստման պահանջից: 




 

Քաղաքականություն