Ընթանում է Առուշանյանի կալանքի հարցի քննությունը. բակում բողոքի ակցիա է` ի աջակցություն համայնքապետի

 Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։


Դատարանի բակում բողոքի ակցիա է մեկնարկել, քաղաքացիները եկել են աջակցություն հայտնելու Առուշանյանին։

 

Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, խոսելով դատավարության մասին, ասել է, որ դատավոր Բախշիյանի շուրջ տեղի ունեցածն իր մոտ հիմնավոր կասկած է առաջացնում, որ այսուհետ ՀՀ-ում յուրաքանչյուր դատավոր, նախքան քրեական գործի վերաբերյալ որոշում կայացնելը, որով հետաքրքրված է քաղաքական իշխանությունը, երկար է մտածելու, որպեսզի հետագայում քաղաքական հետապնդման չենթարկվի ու չկալանավորվի։ 

 

Փաստաբանի խոսքերով՝ ՀՀ-ում մինչև այս էլ եղել են դատավորներ, որոնց մոտ եղել են նման վախեր։ 

 

«Պատկերացրեք, թե դատավոր Բ․ Բախշիյանի գործը նրանց մոտ որքան է մեծացրել այդ վախերը։ Ես վստահություն չունեմ, թե այսօրվա դատավորը Առուշանյանի գործով ինչ կարող է անել, հատկապես, որ այդ դատավորը հենց երեկ կալանավորեց Քաջարանի քաղաքապետին։ Ինքն այն դատավորն է, որ կալանավորել է նաև Արմեն Չարչյանին, և կյանքը ցույց տվեց, որ Չարչյանի կալանավորումը եղել է ապօրինի։ Եվ, ի վերջո, սա այն դատավորն է, որ երկու տարի առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հակասահմանադրական հոդվածով նույնպես կալանավորել է»։

 

Ալեքսանյանի համոզմամբ՝ այս ամենը հիմնավոր կասկած է առաջացնում, որ դատավորը հավատարիմ է մնալու ոչ թե արդարադատությանը, այլ ՝ այսօրվա քաղաքական իշխանությանը։ Այդուհանդերձ, Ալեքսանյանը վստահ է՝ ոչինչ հավերժ չէ, հատկապես՝ այսօրվա քաղաքական իշխանությունը։

 

Քաղաքականություն