«Ընդդիմությունն ուզում է պաշտպանել այն վարորդներին, որոնք բեզպրեդել են անում». Իոաննիսյան

 ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Խորհրդարանական ընդդիմությունը` հանուն ճանապարհային անպատժելիության նախագիծ է բերել:

Ընդդիմությունն առաջարկում է վերացնել ճանապարհային տուգանքների բալային համակարգը` պնդելով, որ այն անօգուտ է: Այնինչ, բալային համակարգն ստեղծված է նրա համար, որ չլինեն անպատժելի վարորդներ, որոնք կա՛մ հարուստ են ու հանգիստ վճարում են տուգանքները, կա՛մ էլ սնանկ են ճանաչվել ու ոչինչ էլ չեն վճարում: 

Բալայինը նորմալ համակարգ է, որը գործում է բազում երկրներում: Բալայինը նրա համար է, որ դրամական տույժը չլինի միակ պատիժը, քանի որ կան վարորդների խմբեր, որոնց դա չի կանգնեցնում. դրանք հարուստներն են, ովքեր հանգիստ կվճարեն տուգանքները և դրանք դատարանով սնանկ ճանաչվածներն են, որոնք կարող են ոչինչ էլ չվճարել: 
Սովորական` մարդավարի վարող վարորդի համար բալայինը խնդիր չէ և տարեկան 9 բալը բոլորովին բավարարում է: 

Այո՛, բալայինի ներմուծումից հետո վթարներն ու մահերը շատացել են, բայց դա ոչ թե բալայինի արդյունք է, այլ մեքենաների ու անփորձ վարորդների շեշտակի աճի արդյունք: Մեքենաների քանակն աճել է մոտ 20-30 տոկոսով, իսկ անփորձ վարորդների քանակը` կրկնակի... Եվ զարմանալի չէ, որ դա ազդել է երթևեկության անվտանգության վրա: 

Տպավորություն է, որ ընդդիմությունն ուզում է պաշտպանել այն վարորդներին, որոնք բեզպրեդել են անում, որոնք առատ խախտումներ են անում ու որոնք չեն մտահոգվում դրամային տույժերի համար»:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Քաղաքականություն