Սահմանամերձ դարձած Ճարտարը կորցրել է արոտավայրերի ու այգիների 75 տոկոսը. համայնքապետ

 Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մի հատվածը՝ Ներքին Ճարտարը, 2020թ․ պատերազմից հետո թշնամու հսկողության տակ է։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գյուղի մշակովի հողատարածքների ու արոտավայրերի շուրջ 75 տոկոսը նույնպես հայկական վերահսկողությունից դուրս են մնացել։

 

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը, ճարտարցիների եկամտի աղբյուրն այդ հողերն էին․ «Հիմնականում ցորեն էին աճեցնում։ Հեկտարից միջինում 20-25 տոննա ցորեն էին ստանում։ Միայն 4000 հա ցորեն էր աճեցնում մեր համայնքը»։

Ճարտարցիների խաղողի այգիները նույնպես մնացել են համայնքի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված հատվածում։ Քաղաքապետն ասում է՝ այլ զբաղմունք չկա, ստիպված տնամերձ հողատարածքներն են սկսել մշակել, որոնց բերրիությունը համեմատության եզր անգամ չունի կորցրած հողատարածքների հետ։

 

Ճարտարցիներն այլընտրանք չունեն․ եղած՝ թեկուզ ոչ բերրի հողակտորները եթե չմշակեն, ձմռանն ուտելու բան չեն ունենա։ Ոռոգման ջրի հարցը, քաղաքապետի վստահեցմամբ, կառուցվող նոր ջրագիծը կլուծի։ «Արտեզյան ջրերի հորերը սահմանին են հենց, բայց դեպի մեզ։

Պատերազմը, որ նոր էր ավարտվել, օրեր շարունակ ջուր չէր լինում։ Ադրբեջացիները հոսանքն անջատում էին, պոմպերը աշխատեցնելու հնարավորություն չկար»,-ասում է Հովհաննիսյանը։

 

Ըստ նրա՝ նոր ջրագիծը, ամռան ամիսներին էլ կանոնավոր ջրամատակարարում կապահովի։ Հին, բազմիցս վթարված ջրագիծը, օրերը տաքանալուն զուգահեռ, շուրջ 3800 բնակիչ ունեցող համայնքում բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում։

Քաղաքականություն