«Դվին» համալիրի ինքնակամ կառույցը օրինական է ճանաչվել. ՓԲԸ-ն շուրջ 228 մլն դրամ փոխանցելու է քաղաքապետարանին

Երեւանի քաղաքապետարանը օրինական է ճանաչել «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի ինքնակամ կառույցը: Որոշումը հրապարակված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Նշված է, որ որոշման ընդունման օրվանից՝ 60-օրյա ժամկետում, ՓԲԸ-ն Երեւան քաղաքի բյուջեի հաշվին պետք է փոխանցի 228 միլիոն 654 հազար 633 դրամ օրինականացման վճար: Գրում է Հայկական ժամանակը:

 

Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի վրա, կատարման հսկողությունը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Հայկական ժամանակ»-ը գրել էր Երեւանի Պարոնյան փողոցի 40 հասցեում՝ սեփականության իրավունքով «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ին պատկանող հողամասում, 15823.85 քառ. մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույց է հայտնվել:

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Դվին» հյուրանոցի վրա երկհարկանի ապակեպատ տարօրինակ կառույց կա, որն ապօրինի է: Ավելի ուշ քաղաքապետարանից մեզ փոխանցել էին, որ Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 40 հասցեում բնակելի մասնաշենքի կառուցման համար համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս լրացուցիչ ապօրինի հարկերի կառուցման փաստի առնչությամբ արձանագրություն է կազմվել՝ հավելելով, որ ապօրինի կառույցները հայտնաբերվել են 2021 թվականի օգոստոսի 18-ին:

Քաղաքականություն