ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն վարչապետ, եթե դուք արհամարհում եք հայ ծնողներին, դիմում եմ ձեր տիկնոջը․ գերեվարված զինծառայողի մայր
Կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեմ։ Մեր ղեկավարությունը, կառավարությունն անտեսում են գերեվարված տղաներին, նրանց ծնողներին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց շիրակցի գերեվարվածներից մեկի մայրը։
Նշենք, որ այս պահին շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
«Բոլորը մոռանում են, որ այդ տղաների կյանքի գնով են այսօր իրենք և իրենց ընտանիքներն ապրում։ Պարոն վարչապետ, եթե դուք արհամարհում եք հայ ծնողներին, դիմում եմ ձեր տիկնոջը։ Աննա Հակոբյան, ես ապրում եմ Գյումրիում, եթե կբարեհաճեք, մոտեցեք մեզ, որովհետև բազմաթիվ հարցեր ունենք ուղղելու։ Ես էլ եմ որպես մայր ուզում, որ տղաս վերադառնա ու ապրի իր ընտանիքի հետ։ Էդ երեխաները ձեզ համար հայրենիք են պահել։ Դուք մեր երեխաների կյանքով ձեր կյանքն եք ապահովում»,-ասաց գերեվարվածի մայրը։
Վերջինս նկատեց՝ ժամանակին ասում էին, որ գերիներն իրենց եղբայրներն են, իսկ հիմա գերիներին ու նրանց ծնողներին արհամարհում են։
«Խորտակեցին մեր տղաների ընտանիքները, նրանց ապագան։ Գերու պիտակը կպցրեցին մեր տղաներին, ինչու՞»,- նշեց գերեվարվածի մայրը։