
Փետրվարից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա. այս մասին հայտարարել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը, փոխանցում է aysor.am-ը։
«Եթե էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանեինք, ապա համակարգում կունենայինք մոտ 23,8 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք։ Եթե սակագնի բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով եկող տարի խնդիրներ կունենայինք անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառները ներկայացրեց Աշոտ Ուլիխանյանը։
Նա հայտնեց, թե որքանով է ավելանալու հոսանքի սակագինը։
«Միջին կշռված սակագինը 4,7 դրամով է ավելանում։ Ըստ լարումների՝ տարբերակված գներ գոյություն ունեն։ Բոլոր սպառողների համար միջին գինը մոտ 1 ԿՎՏժ-ի համար 41 դրամ է ստացվում և դա 4,7 դրամով պետք է ավելանա»,-նշեց Ուլիխանյանը։
ՀԾԿՀ ներկայացուցիչը տեղեկացրեց՝ դեկտեմբերի 29-ին հանձնաժողովի նիստում համապատասխան որոշում կայացնելու դեպքում նոր սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից։
Ուլիխանյանը պարզաբանեց նաև, որ թանկացումների հայտը էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները չեն ներկայացրել, դա ՀԾԿՀ-ի նախաձեռնությունն է։
Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ում ընթանում է էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հետ կապված աշխատանքային քննարկում՝ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։