
Հայաստան վերադարձված գերիները հարցաքննվել են

Դեկտեմբերի 19-ին հայրենադարձված գերիները հարցաքննվել են, սակայն քրեական գործ հարուցված չէ։ Այս մասին 24News-ի հետ զրուցում ասել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Ըստ նրա՝ գերիներից ոչ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի, նրանց մի մասը Ջերմուկի, մի մասն էլ Իշխանասարի մարտական դիրքից էին գերի ընկել նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ «Բոլորն էլ գալիս են, որպես կասկածյալ հարցաքննվում են։ Դա ընդունված կարգն է, բայց հետո ի՞նչ կարգավիճակ կստանան, հարցաքննվելուց պարզ կլինի», - նշեց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ գերիների վերադարձը տեղի էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Իսկ ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք էր առաջադրվել, որոնցից 4-ը դատարանի որոշմամբ կալանավորվել էին, մեկը՝ ոչ։ Վերջինի մասով ՔԿ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։