Թալինում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն

Թալինում այսօր տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ 

Նշենք, որ Թալինում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ստացել էր 46.6 տոկոս ձայն, իսկ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» չնայած քիչ ձայներ էին հավաքել, սակայն կոալիցիա ձևավորեցին և ավագանիում մեծամասնություն դարձան։

Նիստի ընթացքում ՔՊ-ն համայնքապետի թեկնածու առաջադրեց Տավրոս Ափեյանին, իսկ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը»-ն առաջադրեցին Դավիթ Մանուկյանի թեկնածությունը։ Ավագանիում ՔՊ-ն ունի 10 մանդատ, իսկ ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած կոալիցիան՝ 11 մանդատ։

Քվեարկության արդյունքում Թալինի համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Ափեյանը։ Նրան կողմ էր քվեարկել ավագանու 11 անդամ, իսկ Դավիթ Մանուկյանին կողմ էր քվեարկել 10 անդամ։

Նշենք, որ ՔՊ-ի թեկնածուին կողմ քվեարկեց կոալիցիոն ուժի համայնքապետի նախկին թեկնածու Կարեն Գրիգորյանը, որն ընտրություններին մասնակցել էր «Հայք» կուսակցության ընտրական ցուցակով։

Թալինի նորընտիր համայնքապետ Տավրոս Ափեյանն էլ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Կարեն Գրիգորյանին։

Քաղաքականություն

Պատահարներ