
ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չունեն այդքան գործիքներ տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար, որքան ՌԴ-ն. Սուրեն Սարգսյան

Թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Միացյալ Նահանգները չունեն այդքան գործիքներ մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար, որքան Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ Սուրեն Սարգսյանի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, եռակողմ հայտարարությունների կետերի իրականացման գործընթացը նորից շարունակվելու է Ռուսաստանի հիմնական միջնորդական առաքելությամբ։ «Իհարկե բարդ է խոսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքերի մասին, որովհետև տեղեկատվությունը սակավ է։ Պաշտոնական տեղեկություններ չեն տրվում քննարկումների վերաբերյալ՝ ի՞նչ է քննարկվել, ի՞նչ են պայմանավորվել կողմերը, ի՞նչ զիջումներ պետք է նորից անի Հայաստանը։ Այս հարցերի պատասխանը դեռևս չկա՝ ամբողջական պատկերը հասկանալու և մեկնաբանելու համար։ Ինձ մոտ համենայնդեպս տպավորություն է, որ այս պրոցեսով նաև Եվրոպական միությունն է միանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ լեգիտիմացնելու առումով։ Որովհետև եթե դա իրականացվում էր ռուսական միջնորդությամբ, ապա հիմա այն լեգիտիմացվում է ԵՄ-ի կողմից։ Եվ մեծ հաշվով ամենը պտտվում է ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ, ինչը որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով արվել է», - նշեց Սարգսյանը։