
ՔՊ-ն քննարկո՞ւմ է Հայկ Մարությանին փոխարինելու հարցը․ Էդուարդ Աղաջանյանը մեկնաբանում է

Մեր քաղաքական թիմում Երեւանի քաղաքապետի փոխարինման հարցը չի քննարկվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ Երեւանի քաղաքապետն ընտրվում է կոնկրետ ժամկետով։
«Այս ժամկետը դեռ չի լրացել, եւ քաղաքապետի լիազորությունները նշված ժամկետից շուտ դադարեցնելու վերաբերյալ քննարկումներ չկան։ Դա հնարավոր է միայն օրենքով սահմանված ընթացակարգով։ Օրինակ՝ եթե քաղաքապետն ինքը հրաժարական տա կամ Ավագանու խորհուրդը նրան անվստահության վոտում հայտնի»,-ասաց Աղաջանյանը։
Ընդ որում, նա խոստացավ լրագրողներին տեղեկացնել, եթե օրակարգում նման հարց ընդգրկվի։