«Այս ամենը կարող է պատճառ դառնալ, որ գերիներն այլևս չցանկանան Բաքվից վերադառնալ Հայաստան»․ պատգամավոր
Գերիների վերաբերյալ հայտարարություններն ու գործողությունները կարող են պատճառ դառնալ, որ նրանք այլևս չցանկանան Բաքվից վերադառնալ Հայաստան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը` անդրադառնալով գերիների կալանավորման փաստին։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ հայրենիք վերադարձող գերիներին կալանավորելով` Բաքվում գտնվողները կարող են պահանջել, որ իրենց երրորդ երկիր տեղափոխեն։
Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված 4 զինծառայողներ։
«Գերիներին համատարած հերոսացնողը եղել է իշխանությունը` առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ։ Հիմա կրկին իշխանությունն է ամբողջական կերպով տանում գերիների ոչ հերոսացման պրոցեսը։ Սրանով իշխանությունն ակնհայտորեն ադրբեջանական շահն է առաջ տանում»,–ասաց Ստամբուլյանը։
Նրա խոսքով` իշխանությունը չի մտածում, թե ինչ տեղի կունենա հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ հայրենիք վերադարձողներին այստեղ կալանավորում են։ Ստամբուլյանը նշեց` մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում։
Պատգամավորը հավելեց` սա լրջագույն միջազգային խնդիրների առաջ կարող է կանգնեցնել ՀՀ–ին։






























