
Ինչու էին 55 համարի միկրոավտոբուսից իջեցրել ուղեւորներին․ պարզաբանում

Այսօր առավոտից Երեւանի հանրային տրանսպորտում ոստիկանության եւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները հերթական ստուգումներն են իրականացնում․ տարնսպորտում դիմակ չդնող անձինք իջեցվում են։ Ստուգայցի ժամանակ միկրոավտոբուսներից մեկի բոլոր ուղեւորներն իջեցվել են, իսկ մեքենան՝ տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Տվյալ դեպքին անդրադարձել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ լրատվամիջոցներից մեկը, հրապարակելով «Պաշտոնյաները տրանսպորտային միջոցից իջեցնում են ուղեւորներին» հոդվածը, դիտավորյալ չի նշել իջեցման պատճառը:
«Հայտնում եմ, որ քիչ առաջ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Նոր Նորքում կարատվող վերահսկողության ընթացում տեսուչները 55 համարի միկրոավտոբուսից իջեցրել են ուղեւորներին: Ի դեպ, տվյալ տրանսպորտային միջոցում եղել է նաեւ նյութի հեղինակը, և ինքը տեղում իրազեկվել է, որ տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետը լրացել էր դեռեւս ս.թ. սեպտեմբերի 1-ին, ուստի մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,- գրել է Ելենա Զոհրաբյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ից Երեւանում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) խստացված մշտադիտարկումներ է իրականացնում հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ: Օրը երկու անգամ ստուգվում են հանրային տրանսպորտում եւ մարդատար տաքսի ավտոմոբիլներում ուղեւորների դիմակների եւ ախտահանիչ նյութերի առկայությունը: