Սև լճի տարածքում ինժեներական աշխատանքներ են կատարում, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը Հայաստանից․ Վահե Հակոբյան

Ամենաթողության ու ամեն ինչ զիջելու պայմաններում ադրբեջանական կողմը լկտիանում է։  Որոտանի մոտ ոստիկանական հենակետ են դրել և կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար են գանձում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

 

Վերջինս շեշտեց, որ այս մասին ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ Որոտանը նշվում է ադրբեջանական անվամբ։

«Մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ դա ադրբեջանական տարա՞ծք է։ Սև լճի տարածքում էլ ադրբեջանցի զինծառայողները պատրաստվում են ձմռանը, այնտեղ ինժեներական աշխատանքներ են կատարում։ Այսօրվա կարևոր խնդիրը Սյունիքն է, ինչ դատավոր, ինչ ԲԴԽ, ինչ Ջհանգիրյան։ Այսօր Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը Հայաստանից»։

 

Վահե Հակոբյանն ընդգծեց, որ այս բոլոր խնդիրների լուծման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է։

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածից մասին` Վահե Հակոբյանը շեշտեց նաև խնդրի տնտեսական կողմը` նշելով, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 40 %-ը կատարվում է Իրանի կողմից։

«Այս իրավիճակում Սյունիքի համայնքապետները շարունակվում են կալանավորված մնալ։ Պատկերացրեք՝ Առուշ Առուշանյանը լիներ քաղաքում, ինչ էր կատարվելու։ Դրա համար մերժեցին Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Շարունակվում է վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրեժխնդրությունը։ Եթե մտածում է՝ ինքը ցմահ է նստելու այդ աթոռին, սխալվում է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ