
Հանձնաժողովի ստեղծումը որևէ ձևով չի մոտեցնում Արցախի հարցի հայանպաստ լուծումներին․ Վարդանյան

ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։
«Պետք է արձանագրենք, որ ԱԺ բոլոր հանձնաժողովները 1991 թվականից ի վեր բացարձակապես դիտարկվել են որպես հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նաև Արցախի հարցով։
Եվս մեկ անգամ վերահաստատելով մեր բոլորի նվիրվածությունը Արցախին և Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը, այդուհանդերձ, պետք է ունենանք այնպիսի լուծումներ, որոնք լինեն արդյունավետ, օգտակար Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը», - հայտարարեց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա ասաց, ըստ իրեն, այդ նախագիծը որևէ ձևով չի մոտեցնում Արցախի հարցի հայանպաստ լուծումներին:
«Այն չի էլ վատթարացնում իրավիճակը, որևէ բան չի փոխում։ Ձեր նախագիծը, բացի ներպետական սպառումից, որևիցե հարց չի կարգավորում», - ասաց Վարդանյանը։
Արձագանքելով Վլադիմիր Վարդանյանին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ այս նախագիծը դեպի ապագան է միտված։
« «Հայաստան» դաշինքի ներկայացրած այս նախագիծն ամբողջովին միտված է մեր պետականության ամրապնդմանը», - ասաց Աղվան Վարդանյանը։