
«Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել» . ստեղծվել է «Ազատ կամք» նախաձեռնությունը. Արա Զոհրաբյան

Հարգելի հայրենակիցներ Փաստաբանների, բժիշկների, դեղագործների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, լրագրողների և այլ ոլորտների մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը: Նախաձեռնության առաջին քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել մասնավորապես՝ փաստաբաններ՝ Արա Զոհրաբյանը, Արաքս Վարդանյանը, Նաիրա Արտաշեսյանը, բժիշկներ՝ Դմիտրի Հարությունյանը, Տիգրան Գրիգորյանը, Նունե Ներսիսյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ Արթուր Գրիգորյանը և Վարդան Կատվալյանը: Քննարկումների ժամանակ հստակեցվել են նախաձեռնության խնդիրները և հետագա գործողությունների ընդհանուր ծրագիրը: «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը՝ ապակուսակցական միավորում է, որը նպաստելու է բնակչության իրազեկմանը և մարդու հետևյալ իրավունքների պաշտպանությանը՝ Մարդն իրավունք ունի չենթարկվել առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության բժշկական կամ այլ փորձերի. Մարդն իրավունք ունի բժշկական միջամտությունից հրաժարվելու. Մարդն իրավունք ունի չկրելու օրենքով չնախատեսված և/կամ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներին հակասող օրենքներով նախատեսված պարտականություններ. ձևավորել է երեք խումբ՝ իրավական, առողջապահական և տեղեկատվական, որոնք մշտապես համալրվելու են. բաց է անդամակցության համար. կազմակերպելու է ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-ն հրամանի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում: Նշված հրամանն ուժի մեջ է մտնելու 01.10.2021թ-ից և աշխատողների համար սահմանում է յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության մասին փաստաթուղթ ներկայացնել կամ պատվաստվել. կատարելու է հարցումներ, կազմակերպելու է մասնագիտական քննարկումներ, ժողովներ, անհրաժեշտության դեպքում նաև բողոքի ակցիաներ. Երևանում և մարզերում կազմակերպելու է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը՝ իրավական հալածանքներից: «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը գտնում է, որ՝ – պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը (ազատ կամքը). – չի կարելի պատվաստվածների և չպատվաստվածների միջև խտրականություն դնել՝ հանրության առողջության պահպանման տեսակետից, քանի որ պատվաստվածները նույնպես կարող են վարակվել և վարակել. – չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան