Բանակի ղեկավարությունը մարտի դաշտ էր նետել իր վերջին ուժերը․ Ինչ են պատմում անհայտ կորած զինծառայողի ծնողները

Ցորի զորամասի կողմից ինֆորմացիա չկար, որովհետեւ զորամասը մասնատված էր. մի գումարտակը Մատաղիսում էր, մյուսը՝ Կարմիր Շուկայի ուղղությունում, մյուսը՝ Հորադիզ ուղղությունում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողներից մեկի ծնողը։ 

Նա պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հրետանային դիվիզիոնը հայտնվել է հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի արդյունքում 21 անհայտ կորած զինծառայող է եղել։ 

«Մենք ինքնուրույն հետաքննություն անցկացնելով ահագին մանրամասներ ենք պարզել եւ հասկացել ենք, թե ովքեր են անմիջական պատասխանատուներն ու մեղավորները։ Մեր դիմումների համաձայն քրեական գործ է հարուցվել, օրերս դիվիզիոնի շտաբի պետ Գեւորգ Գեւորգյանը ձերբակալվել է»,- ասաց նա։ 

Անհայտ կորած զինծառայողների ծնողը պատմեց, թե ինչ են պարզել սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողությունների վերաբերյալ. 

«Մարտական գործողությունները սկսելով, դիվիզիոնը զորամասի կազմում զբաղեցրել է իր կիրառման շրջանում, որը գտնվում էր Աղդամի ուղղությունում, այնուհետեւ զբաղեցրել է իր հիմնական կրակային դիրքերը Վազգենաշեն բնակավայրում։ Այնտեղից կատարել է իր մարտական գործողությունները մինչեւ հոկտեմբերի 5-ը։ Հոկտեմբերի 5-ին խնդիր է ստացել՝ երթ կատարել դեպի Հադրութի ուղղություն։ Ինչպես գիտենք, մեր ստորաբաժանումներն այդ ուղղությամբ բավականին ծանր վիճակում էին հայտնվել։ Հադրութի շրջանում այդ դիվիզիոնը զբաղեցրել էր կրակային դիրք՝ «Ջրաշխարհ» կոչվող տեղամասում։ Վերադաս հրամանատարության կողմից ՊԲ հրետանու պետի ցուցման համաձայն նրանք առաջ են շարժվել դեպի Հադրութ քաղաք, անցնելով քաղաքը, 9-րդ կիլոմետր կոչվող տեղամաս կա, այդ շրջանում կրակային դիրքեր են զբաղեցրել։ Պարզվել է, որ այդ կրակային դիրքերը զբաղեցնում են հակահարված իրականացնելու համար։ Հակահարված իրականացնելու որոշում ընդունողները իմ կարծիքով կոպիտ խախտում են արել, քանի որ հակահարված իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3 պայմանների ապահովում՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց այդ ժամանակ հակառակորդը չի կանգնեցվել, հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, որը ունեին եւ մենք պիտի ունենայինք բավականին ռեզերվներ, որ իրականացնեինք այդ հակահարվածը։ Փաստացի, բանակի ղեկավարությունը մարտի դաշտ էր նետել իր վերջին ուժերը եւ գլխովին շարքից հանել»։ 

Ըստ նրա՝ այդ երկու զորամասերին տարիներ շարունակ այդ տարածքում որեւէ մարտական գործողությունների վերաբերյալ զորավարժություններ չեն անցկացրել. «Այսինքն՝ այդ տեղանքը նրանց համար լրիվ անծանոթ էր, թեժ մարտական գործողությունների արդյունքում մեծ հավանականություն էր շփոթվել եւ կատարել կոպիտ սխալներ։ Հակահարվածի ձախողումից հետո մի կերպ այդ դիվիզիոնը «9-րդ կիլոմետր» տեղանքից մազապուրծ կարողանում է դուրս պրծնել, այնտեղ թողնելով որոշակի տեխնիկա եւ գույք, քանի որ հրաձգային զենքի կրակոցներ էին լսվում, իսկ հրետանին գտնվելով բավականին խորքում, չպետք է այդ կրակոցների ձայնը լսեր։ Վերադառնում են «Ջրաշխարհ» կոչվող տեղամասը, որտեղ ունեին կրակային դիրքեր, սակայն հրամանատարությունը՝ հանձինս հրետանու պետի՝ Գենադի Բաղդասարյանի, ցուցում է տալիս, որ շատ եք հետ գնացել, դեպի առաջ զբաղեցրեք կրակային դիրք, որպեսզի այնտեղի խնդիրներ կատարեք։ Հրամանատարները ուսումնասիրում են տեղանքը եւ կրակային դիրք են ընտրում «Ջուվառլու» կոչվող տեղամասում, դա արդեն հոկտեմբերի 8-ն էր։ Կրակային դիրքը կահավորում են եւ դիվիզիոնը զբաղեցնում է զբաղեցնում է կրակային դիրք եւ սկսում է խնդիրներ կատարել։ Հրետանու պետի կողմից հրաման էր տրվում, Հադրութի ուղղությամբ կրակել, չնայած նրան, որ այդ դիվիզիոնի հիմնական ուղղությունը դեպի իրենց ստորաբաժանումների կողմն էր, ավելի շատ դեպի արեւելք, բայց խնդիրները տրվում էին դեպի հարավ՝ Հադրութի ուղղությամբ»։ 

Նա պատմեց, որ այդ ուղղությամբ 2 օր թեժ մարտերի են ընթանում, որի ընթացքում հոկտեմբերի 10-ին դիվիզիոնի 3-րդ մարտկոցը ԱԹՍ-ների կողմից խոցվում է. «Թույլտվություն վերցնելով բանակի հրետանու բաժնից, դիվիզիոնը հետ է նահանջում, նորից զբաղեցնում կրակային դիրքեր՝ «Ջրաշխարհ» կոչվող տեղամասում։ Սակայն մի քանի ժամ անց կրկին գնդապետ Բաղդասարյանի կողմից ցուցում է տրվում, թե այդ ինչ եք անում, շատ եք հետ գնացել, առաջ գնացեք, այլ տեղ ընտրեք, բայց այդ ժամանակաշրջանում թեժ մարտեր էր ընթանում եւ այլ տեղ ընտրել եւ կահավորել հնարավոր չէր։ Դիվիզիոնը հրամանատարական կազմն այլընտրանք չունենալով՝ կրկին զբաղեցնում է «Ջուվառլուի» կրակային դիրքը, քանի որ բաց տարածությունում կրակային դիրք  զբաղեցնելը առանց անձնակազմի թաքստոցների, դա հավասարազոր էր ինքնասպանության։ Նրանք կրկին վերադառնում են այդ կրակային դիրք եւ շարունակում կրակային խնդիրներ կատարել ու կրկին Հադրութի ուղղությամբ։ Նրանք գրեթե իրենց զորամասի ստորաբաժանումների օգտին խնդիրներ չեն կատարել, բոլորը ուղղված էր Հադրութի ուղղությամբ։ Պահ էր եկել, որ կրակային հեռավորությունը 4-5 կմ էր։ Դիվիզիոնի հրամանատարությունը չէր կարողանում ճշտել, թե որտեղ է գտնվում հակառակորդը, որտեղ է առաջնագիծը։  Զորամասի հրամանատարական կետը, որը պարտավոր էր ղեկավարել զորամասի ստորաբաժանումները, գտնվում էր Աղդամի ուղղությունում»։

Քաղաքականություն