
Ինչու ՀՀ-ում չկան անձնագրեր. խնդիրը մատակարարման մրցույթի կազմակերպո՞ւմն է. ArmDaily.am

Կրկին ահազանգեր են ստացվում, որ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության (Օվիր) առանձին ստորաբաժանումներում անձնագրեր ստանալու գործընթացը ձգձգվում է։ Մեզ ահազանգում են, որ քաղաքացիները արտերկրից գալիս են անձնագրեր ստանալու, սակայն «Օվիր»-ում հայտնում են, որ անձնագրեր չկան, չեն տպվում, արդյունքում հետ վերադառնալ չեն կարողանում։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մի քաղաքացի մեզ ահազանգել է եւ հայտնել, որ արդեն տևական ժամանակ է՝ կինն ու երեխան Հայաստանում են՝ անձնագրեր ստանալու նպատակով, բայց գործընթացը ձգձգվում է եւ այդ պատճառով չեն կարողանում վերադառնալ ՌԴ։ «Երեխան դպրոց պիտի գնա, կնոջս արձակուրդն արդեն ավարտվել է, որ գործատուն շաբաթներով կսպասի, արդեն սպառնում է աշխատանքից ազատել, իրեն էլ կարելի է հասկանալ, մարդու գործը տուժում է։ Բայց հարմար գործ գտնելն էլ հեշտ գործ չէ, հիմա ով է փոխհատուցելու այս ամենի համար»։
ArmDaily.am-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ խնդիրը կապված է մրցույթ հայտարարելու ժամկետների հետ։ Բանն այն է, որ հայկական կողմը սխալ հաշվարկ է արել և մրցույթը ուշ է հայտարարվել, սրանով էլ պայմանավորված են ժամկետների ձգձգումները։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հարցին, թե որքանով է իրականությանն համապատասխանում մրցույթի հայտարարման ժամկետների սխալ հաշվակը՝ պատասխանեց, որ իրենք մեկ պարզաբանում ունեն։ «Քովիդով պայմանավորված՝ մատակարարման հետ տեխնիկական խնդիրներ են առաջացել»։
Հարցին, թե երբ կլինի նոր խմբաքանակը՝ նա պատասխանեց, որ այլ մանրամասների հետ կապված պաշտոնական տեղեկատվությունը կլինի։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, թե ամսական քանի անձնագրի կարիք է լինում՝ նա պատասխանեց, որ նման տվյալներ ներկայացնելու համար գրավոր հարցում է անհրաժեշտ ուղարկել։
Լրատվականի հետ զրույցում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացրեց, որ ամեն տարի մոտավորապես 400-410 հազար անձնագրի նմուշ է տպագրվել։ «Որքան գիտեմ, այս անգամ էլի լեհերն են մրցույթն հաղթել։ Ամեն տարի մրցույթ է հայտարարվել ու մրցույթով մատակարար կազմակերպության առաջ պահանջ է դրվում կոնկրետ ժամկետում որոշակի քանակությամբ նմուշ մատակարարել։ Մի իրավիճակում ընկերությունը կարող է մատակարարումն ապահովել մրցույթից մեկ ամիս անց, մեկ այլ իրավիճակում՝ 2-3 ամսից։ Ես չգիտեմ, թե այս անգամ լեհական կողմի հետ ինչ պայմաններում և ինչ ժամկետով է մրցույթն հայտարարվել ու լեհական կողմը որքանով է պատրաստ եղել այդ ժամկետով մատակարարումներին։ Սրա միակ՝ վերջնական լուծումը բիոմետրիկ համակարգի վերջնական լուծումը և մեծ ժամկետով մրցույթի հայտարարումը կարող էր լինել։
Հիմա ամեն տարի մրցույթ է հայտարարվում, սա երկրի համար կարևոր անվտանգություն ներկայացնող փաստաթուղթ է, ու օբյեկտիվորեն կարող է մի քանի անգամ մրցույթ հայտարարվել, որովհետև կարող է մեկը բարձր գին տվեց կամ այլ խնդիրներ կարող են առաջանալ, իմ կարծիքով պետք է օրենսդրական լուծումներ տրվի, որպեսզի անձնագրերի հետ կապված ամեն տարի մրցույթ չպետք է հայտարարվի, այլ ավելի երկար ժամկետով, որպեսզի պետական մարմիններն էլ հանգիստ լինեն, որ ամսեամիս անձնագրերի մատակարարումը լինելու է, թե չէ ամեն տարի մրցույթ է հայտարարվում, մի անգամ մրցույթը կարող է չկայանալ, մի անգամ որևէ այլ խնդիր կարող է առաջանալ ու արդյունքում նման խնդիրներ են առաջանում։ Երբ ես դեռ աշխատում էի՝ նախագիծը դեռ մշակման փուլում էր՝ մենք առաջարկում էինք 10+5 տարով պայմանագրեր կնքել, այսինքն, եթե 10 տարին լրանա և կողմերը համաձայնության գան՝ ևս 5 տարով երկարացվի, որպեսզի համակարգը աշխատի ու գերատեսչությունն էլ հանգիստ լինի, որ մատակարարումը հանգիստ կիրականացվի։ Այս խնդիրը իմ ժամանակով էլ է առաջանում, բայց կարողանում էինք կարգավորել, միգուցե հիմա իսկապես էլ քովիդ կա ու միգուցե դա որոշակի ազդեցություն ունեցել է»։
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում ևս կա բավական մեծ տպարան, որ նույնպես անձնագրեր տպելու հնարավորություն ունի։ Հարցին, թե խնդրին ժամանակավոր լուծում տալու համար այդ կազմակերպությունը կարո՞ղ է միջանկյալ լուծումներ առաջարկել, նա ասաց, որ տեղեկություն չունի, քանի որ իր համար էլ պետք է կանխատեսելի լինի՝ համապատասխան հումք պետք է ունենա։ «Ամեն դեպքում՝ կարծում եմ, եթե կարողանա՝ կանի, շատ պարկեշտ մարդ է»։