Զելենսկու անդրադարձը Ուկրաինայի մասին Պուտինի հոդվածին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևյան Ռուսիան անվանել է ուկրաինական պատմության մայրը, իսկ երկիրը` «Եվրոպայի ամենաուժեղ միջնադարյան պետութուններից մեկի ժառանգը»:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Զելենսկին հանդես է եկել Ռուսիո Մկրտության օրվան նվիրված շնորհավորական ելույթում: Շնորհավորական տեսանյութը հրապարակվել է նրա թելեգրամյան ալիքում:

Նրա խոսքով` «Ուկրաինայի 24 մարզերն ու Ղրիմը Հին Ռուսական պետության հարազատ զավակներն ու ժառանգներն են»:

«Մեզ պետք չէ ապացուցել պատմական ակնարկներով, աշխատություններով և հոդվածներով, քանի որ մեր ապացույցները թղթի վրա չեն, այլ մետաղի և քարի վրա, առասպելներում և լեգենդներում չեն, այլ մեր քաղաքներում և մեր փողոցներում»,- ասել է նա:

Զելենսկին պնդում է, որ «հեռավոր ազգականները» չպետք է փորձեն հավակնել այդ ժառանգությանը, ինչպես նաև փորձեն ապացուցել մասնակցությունը հազարամյա պատմությանը` «գտնվելով հազարավոր կիլոմետրեր այն կողմ»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիս 12-ին հոդված էր հրապարակել ռուս և ուկրաինացի ժողովուրդների պատմական միասնականության վերաբերյալ: Հոդվածի հրապարակումից հետո Զելենսկին խոստացել էր մանրակրկիտ ուսումնասիրել այն: