Ինչու է ԱԺ-ում խստացվել անվտանգության համակարգը․ ArmDaily
Մամուլում այսօր հրապարակվել էր, որ ԱԺ դահլիճների մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձեւ ռենտգեն սարքեր և բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ պետք է անցնեն դրանց միջով։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Առնակ Ավետիսյանը հայտնել է, որ սարքերի տեղադրումը պայմանավորված է անվտանգության միջոցառումներից ելնելով։
«Դրանք ստանդարտ անվտանգության միջոցառումներ են, որոնք իրականացվում են Ազգային ժողովում, որևէ անհանգստանալու, հատուկ ռեժիմի բան չկա, որևէ խնդիր չկա»,- ասել է Ավետիսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ռենտգեն սարքը տեղադրված է միայն լիագումար նիստերի դահլիճի դռների առջև։
Հարցին՝ միայն այդտեղ է տեղադրվելու, թե այլ նիստերի դահլիճների մուտքերի մոտ ևս անվտանգությունը կխստացվի՝ Ավետիսյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ անվտանգության հետ կապված հարցերը պարունակում են զգայուն ինֆորմացիա, որը հրապարակման ենթակա չէ։
Նշենք, որ նման սարքեր տեղադրված են եղել խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անցակետերում միայն։






























