
Այս պահի դրությամբ ձեռքով մակագրված գործ չեմ ստացել․ դատավոր Մխիթար Պապոյանը՝ Վերաքննիչում ԱԱԾ-ի կատարած գործողությունների մասին

Ինչպես հայտնել էինք՝ Վերաքննիչ քրեական դատարանում մեկ այլ գործի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցները գործերի էլեկտրոնային բաշխում իրականացնող համակարգիչը առգրավվել են։ Ըստ տեղեկությունների՝ նպատակը քաղաքական հնչեղություն ունեցող գործերը «յուրային» դատավորներին մակագրելն է։ Նշենք, որ Սյունիքի համայնքապետերի գործերով խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ այժմ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել։ Գլխավոր դատախազությունն էլ ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանի գործով է Վերաքննիչ բողոք ներկայացրել, այնպես որ Վերաքննիչից իշխանահաճո որոշումներ «կորզելը» օրհասական անհրաժեշտություն է։
Գործերը բաշխելու համակարգչի առգրավվման մասով ArmDaily.am-ը մի քանի հարց ուղղեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։
- Մենք տեղեկություններ ունենք, որ ԱԱԾ-ն առգրավվել է գործերը մակագրող համակարգիչը եւ այժմ գործերը ձեռքով են մակագրում դատավորներին։ Կա՞ նման բան։
- Ես ինքս ԱԱԾ աշխատակիցներ չեմ տեսել քրեական դատարանում, նույնիսկ չգիտեմ էլ այդ համակարգիչը, որը մակագրում է գործերը, գտնվո՞ւմ է այս դատարանում, թե՞ մեկ այլ վայրում։ Այսօր տարաբնույթ խոսակցություններ եմ լսել, ասում են՝ ոնց որ մի մասն է մեր դատարանում, մյուս մասը այլ վայրում է, այդ վայրն էլ դեպարտամենտ, ԲԴԽ, ուրիշ տեղ, կոնկրետ չի...։ Այս պահի դրությամբ ձեռքով մակագրված գործ չեմ ստացել։
- Ձեզ ինչո՞ւ պետք է ձեռքով մակագրված գործ ուղարկեն, դուք իշխանությունների յուրային դատավոր չեք, կմակագրեն նրանց, որոնք ցանկալի որոշում կկայացնեն։ Խոսքը Սյունիքի համայնքապետերի, Վարդազարյանի գործերի մասին է։
- Ի վերջո, այս դատարանում կան այլ գործեր, որոնք պետք է բաշխվեն։
- Վերջին անգամ համակարգչային մակագրությամբ ե՞րբ եք գործ ստացել։
- Ստացել եմ կամ երեկ չէ առաջին օրը, կամ դրանից մեկ օր առաջ։
- Առհասարակ, նախկինում ամեն օր էի՞ք ստանում, թե 2-3 օր ընդմիջումը նորմալ է։
- Տարբեր ժամանակներում տարբեր է լինում։ Համակարգչային բաշխվածությունը չհասկացանք էլ, թե ի վերջո ինչպես է բաշխում, թեեւ երբ հետեւում ենք, տեսնում ենք, որ ի վերջո, շատ խելացի է բաշխում՝ կապված գործերի քանակի համաչափ բաշխման հետ, բայց կարող է ամեն օր ինձ 2-3 գործ բաշխվել, գործընկերոջս գործ չբաշխվի, ու 10 օր հետո սկսվում է նրան բաշխվել, ինձ չբաշխել։ Կանխատեսելի համակարգիչ չէ։
- Դատարանի նախագահին տեսե՞լ եք, փորձե՞լ եք հասկանալ՝ լրատվամիջոցները ինչ լուրեր են գրում։
- Ոչ։
- Տեղյակ եք, թե, օրինակ, պարոն Վարդազարյանի եւ Սյունիքի համայնքապետերի գործերը ո՞ւմ են մակագրվել։
- Չգիտեմ, տեղյակ չեմ։
- Պարոն Պապոյան, իսկ երբ առգրավվում են համակարգիչը, ինչպե՞ս են բաշխվում գործերը։
- Եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ 2018թ ԲԴԽ համապատասխան որոշման մեջ նշվում է, որ անհնարինության դեպքում մակագրվում է ձեռքով։
- Պարոն Պապոյան, բացառո՞ւմ եք, որ հնարավոր է դիտավորյալ կազմակերպած լինեն համակարգչի առգրավումը, որպեսզի ցանկալի որոշումներ ստանան կարեւոր գործերով։
- Չեմ ուզում նման համոզում ձեւավորվի ինձ մոտ, բայց չեմ էլ կարող Ձեզ վստահաբար ոչ ասել։ Այդ կասկածը, որն ունի մամուլը եւ հանրությունը, ես էլ ունեմ, չեմ ուզում հավատալ դրան։
- Ինչի՞, դուք ռոմանտի՞կ եք։
- Լավատես եմ, բայց կարող է մի օր այդ սահմանագիծը անցնել եւ չլինեմ։