
Մեկ ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի, շատ հետաքրքիր գրքեր կարդացի, հեռուստացույց դիտեցի․ Չարչյան

«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ սա իրավական գործընթաց է, որն իր իրավական պատասխանը պետք է ստանա։
Հարցին, թե մեկ ամսվա ընթացքում ո՞վ տուժեց և ով շահեց իր կալանավորումից, Արմեն Չարչյանն ասաց. «Շահառուներից մեկը երևի ես էի, որովհետև մեկ ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի, շատ հետաքրքիր գրքեր կարդացի, հեռուստացույց դիտեցի։ Ինձ չէին զանգում, չէին անհանգստացնում։ Գիշերը ժամը 3-ին չէին զանգում ասում, որ հիվանդանոցում այսինչ դեպքը կա և այլն։ Տուժեցին ՀՀ այն բոլոր քաղաքացիները, որոնց կարող էի օգնություն ցույց տալ, բայց քանի որ մեկ ամիս անազատության մեջ էի, չկարողացա դա անել»,-ասաց Արմեն Չարչյանը։
Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Արմեն Չարչյանն ասաց, որ դա իր համար խիստ անձնական հարց է և միայն մի բան կարող է ասել, որ այն մեծ ճանապարհը, որն անցել է, այդ ամենն իր գինն ունի. «Եվ դրա գինն է կյանք, և առողջություն»,-հստակեցրեց Արմեն Չարչյանը։
Նա նշեց, որ իր կամքով այս պահին չի հանդիսանում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը, քանի որ անձնապես խնդրել է հիմնադրին, որ իրեն ժամանակավորապես ազատեն այդ պաշտոնից, որպեսզի դա շահարկման առիթ չլինի։
«Այսօր իմ առջև երկու հնարավորություն կա՝ վերադառնալ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը, և ընդունել մանդատն ու իմ գործունեությունը շարունակել ԱԺ-ում որպես պատգամավոր»,-նշեց Արմեն Չարչյանը։