Ուզում են առաջանան, բայց չի ստացվի, համայնքում պատրաստ են դիմակայել թշնամուն. Խաչիկ համայնքի ղեկավար

Խաչիկ համայնքում պատրաստ են անհրաժեշտության դեպքում դիմակայելու թշնամու բոլոր նկրտումներին։ Նախիջևանին սահմանակից այս համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ ՀՀ տարածքում առաջխաղացումներին, վերջին օրերին հնչող կրակոցներին, նշեց, որ դրանց մի գնահատական կա.

 

«Ադրբեջանական կողմին տրվում են համարժեք պատասխաններ։ Ուզում են առաջանան, բայց չի ստացվի։ Գտնում եմ, որ սխալ է, չպետք է թողնենք ոչ մի քայլ առաջխաղացում»։

 

Համայնքում մտավախություն չունեն, որ միջադեպեր կարող են կրկնվել նաև Խաչիկում։ Հարցին՝ պատրա՞ստ են արդյոք դիմակայել ադրբեջանական սադրանքներին, նշեց, որ ցանկացած պահի պատրաստ են։

 

«Մենք միշտ պատրաստ ենք։ Հիմա էլ դիմակայում ենք, հենց հիմա էլ սահմանի բերանին մեր ցանքատարածություններն ենք  հնձում»։

Խաչիկում գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են՝ ցորեն ու գարի են հավաքում անմիջապես սահմանին։

Հարցին՝ արդյոք միջադեպեր եղել են, Սմբատյանը նշեց. «Նորմալ է, փառք Աստծո, ոչ մի նման իրավիճակ չկա։ Մեր տարածքում ամեն ինչ նորմալ է, սահմանի վրա հենց հիմա էլ հացահատիկ ենք հավաքում։ Ամբողջ գյուղացիներն էնտեղ են, աշխատանքները կատարվում է լիարժեք, դուխով ու ուրիշ բան չեմ կարող անել»,- ասաց Սմբատյանը։

 

Նշենք, որ Նախիջեւանին սահմանակից Երասխում վերջին օրերին ստեղծվել է լարված իրավիճակ. Թշնամին պարբերաբար կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետերից։