
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ ներկա պահին սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի մասին

Գիշերը մի քիչ անհանգիստ է եղել որոշ հատվածներում, անկանոն կրակոցներ են հնչել հակառակորդի կողմից։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
«Արավուսի ու Խնածախի հատվածներում անկանոն կրակոցներ են եղել դեպի օդ, մեր ուղղությամբ կրակահերթեր չեն եղել։ Մեր համապատասխան գործողությունների արդյունքում կրակոցները թեթևացել են, այնուհետև լռել են։ Ոչ մի վնաս չի եղել»,- հայտնեց համայնքի ղեկավարը։
Նա նշում է, որ նոյեմբերի 9-ից հետո սա առաջին անգամն էր, թե երբ հակառակորդը նման ինտենսիվությամբ կրակոցներ է արձակում։
«Գիշերվա երկուսից մինչև առավոտվա 5-ի սահմաններում տարբեր հատվածներում, տարբեր քանակով կրակահերթեր են եղել։ Նախկինում այդպես մեկ, երկու կամ երեք կրակոցներ են, բայց ոչ նման ինտենսիվության»,- ասում է համայնքապետը։
Ներկա պահին վիճակը համայնքում հանգիստ է, բնակիչներն էլ իրենց գործերն են անում։
«Ցորեն են հավաքում, կերի կուտակում են կազմակերպում, նորմալ է։ Կյանքը շարունակվում ա, շարունակվելու էլ ա, ով ում վատություն ա արել, դա է մնալու»,- ասաց Շադունցը։
Նա կարծիքով՝ ադրբեջանցիների կողմից այս գիշեր ակտիվությունը Հայաստանի հետ շփման գծի տարբեր կետերում պայմանավորված է մուսուլմանական Կուրբան-Բայրամ տոնի հետ կապված ոգևորությամբ։