Սուքիասյանի եղբայրն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, կրակել է՝ պաշպանվելու նպատակով. պաշտպան

Ռոբերտ Սուքիասյանի խափանման միջոցը, որպես կալանավորումը ընտրելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդության մասին, ես տեղեկություններ չունեմ: Դա շատ զարմանալի է: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

 

Քննչական կոմիտեից քիչ առաջ մեզ տեղեկացրել էին, որ Ռոբերտ Սուքիասյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

Մեղադրանքի վերաբերյալ պաշտպանը պատասխանել է Հայկական ժամանակի հարցադրումներին։։

 

Պարոն Միքայելյան, ընդունո՞ւմ է Ռոբերտ Սուքիասյանն իրեն վերագրվող մեղադրանքը, թե՞ ոչ, ցուցմունք տվե՞լ է։

 

- Ռոբերտ Սուքիասյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, իրավապահ մարմիններին պատրաստակամություն է հայտնել աջակցել, ներկայացրել է իր օրինակ զենքը, որն առգրավվել է: Դրանից հետո ձերբակալումն ինձ համար արդեն ապօրինի է: Եթե անձն ինքնակամ ներկայանում է ոստիկանություն, ի՞նչ փախչելու մասին է խոսքը: Ռոբերտ Սուքիասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների մասին, ընդունել է, որ ինքն է կրակել՝ պաշտպանության նպատակներով:

 

Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, ինչո՞ւ է պաշտպանվել Ռոբերտ Սուքիասյանը:

 

- Հանգամանքների մասին մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ այդպես կխանգարեմ նախաքննությանը, ինչպես նաև, դրանով կվնասվեն հակառակ կողմի շահերը, իսկ այդ դեպքում ես չեմ ուզում մեր դատավարությունը տեղափոխվի ֆեյսբուքյան կամ լրատվական հարթակ:

 

Պարոն Միքայելյան, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են ձեր վստահորդն ու տուժողը, նախկինում ճանաչե՞լ են իրար:

 

- Այս մասով էլ չեմ կարող տեղեկություններ հայտնել: Միայն կարող եմ ասել, որ պարոն Սուքիասյանի գործողություններում ոչ մի հանցակազմ չկա: Եթե դատաքննության արդյունքում, կկարողանան ապացուցել Ռոբերտ Սուքիասյանի մեղավոր լինելը, ինչը կասկածում եմ, Սուքիասյանը պատրաստ է պատասխանատվություն կրել: Հայտնեմ նաև, որ մեզ տրված նյութերում տեղեկություններ կան, որ քննչական մամինը բազմաթիվ տեսագրություններ ունի դեպքի վայրից: Վստահ եմ՝ հետագայում, երբ դրանք հրապարակվեն, բոլորն էլ կտեսնեն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը:

 

- Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն ձեր պաշտպանյալը «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի հետ է եղել միջադեպի ընթացքում: Ճի՞շտ են այդ լուրերը:

 

- Ես չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց կարող եմ ասել՝ միասին չեն եղել նրանք, բայց միջադեպի ժամանակ Ապիյանը ներկա եղել է: Ավելին ասել չեմ կարող:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Երեկ հարուցված քրեական գործի շրջանակում Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է։