Սարգսյանը մեկնում է Տոկիո՝ ներկա գտնվելու օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: 

 

Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ:

 

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը և երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

 

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև կայցելի գիտակրթական հաստատություններ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախագահ Սարգսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում կհանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր: