
Քաղաքացիներն ահազանգում են՝ հեղուկ գազի գինը թանկացել է․ ՏՄՊՊՀ-ի արձագանքը Auroranews-ին

Վերջին շրջանում Auroranews-ը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում հեղուկ գազի գնի բարձրացման վերաբերյալ։ Բանն այն է, որ հեղուկ գազի գինը 20 որոշ տեղերում 30 դրամ թանկացել է՝ 220 դրամից դառնալով մինչև 250 դրամ։ Քաղաքում կան որոշ լցակետեր, որտեղ գիը նույնությամբ պահպանվել է, բայց վերջիններս էլ ասում են, որ գազը վերջացել է, չունեն։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ հարցն իրենց տիրույթում չէ։
Auroranews-ը կապ հաստատեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, հասկանալու համար՝ ինչով է պայմանավորված գնային այս փոփոխությունը։ ՏՄՊՊՀ-ից նշեցին՝ քանի որ հեղուկ գազի շուկան մրցակցային է, կառույցը դրանով չի զբաղվում․
«Չկան գերիշխող դիրք ունեցողներ, ուստի մենք չենք անցկացնում մշտական մոնիթորինգ։ Այժմ, սակայն, հետևում ենք հեղուկ գազի եկող ազդակներին։
Ինչ վերաբերում է գների կարգավորմանը՝ հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։ Եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՄՊՀ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի»։