Հասարակություն

Սյունիքի համայնքապետերի գործերով պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարան. АrmDaily.am

Սյունիքի համայնքապետերի գործերով պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարան. АrmDaily.am

Բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան այսօր, սպասենք, թե երբ պետք է նիստը հրավիրվի։ Այս մասին այսօր АrmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Առուշանյանը հանդիպել է վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին։ ՀՔԾ-ն ասում է, որ հանցագործությունը ավարտին չի հասցվել Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Քարահունջի ղեկավար Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց։

Նա տեղեկացրեց, որ այսօր առերես հարցաքննություն է տեղի ունեցել Լուսինե Ավետյանի հետ։

«Մենք հրաժարվել ենք առերես հարցաքննությանը մասնակցելուց»,- ասաց պաշտպանը։

Քննիչը սահմանափակել է նաև տեսակցություններն ու հեռախոսային զրույցները։


«Մենք այսօր դիմում ենք ներկայացրել քննիչին, որպեսզի այդ որոշումը տա և հասկանանք, թե ինչն է հիմք հանդիսացել այդ սահմանափակումը կիրառելու համար, որպեսզի հետագայում բողոքարկենք դատախազին»,- ասաց պաշտպանը։

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ բողոքն արդեն մուտք է եղել Վերաքննիչ դատարան։
«Որևէ քննչական գործողություն՝ բացի մեղադրյալ ներգրավվելուց ու ցուցմունք տալուց, չի կատարվել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ տեսակցության ու հեռախոսային զրույցների արգելանք կիրառելու մասին տեղեկություն չունի։

«Որևէ մանրամասնություններ չկան։ Ի սկզբանե ինչպես դիրքորոշումս հայտնել եմ՝ հիմա էլ եմ ասում, որ ծանրակշիռ փաստական տվյալներ կային, որ պետք է մեր պաշտպանյալը չկալանավորվեր, սակայն դատարանի կողմից անտեսվեցին դրանք կամայականության արդյունքում։ Կամայական մեկնաբանություններ են տրվել պաշտպանական կողմի ներկայացրած փաստերին»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ նույնպես բողոքարկում են ներկայացրել Վերաքննիչ դատարան։

 

Նա տեղեկացրեց, որ Փարամազյանի հետ որևէ քննչական գործողություն չի կատարվում, և կիրառվել է տեսակցությունների ու հեռախոսային զրույցների արգելանք, որը պատրաստվում են բողոքարկել։

 

Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախություն), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250