Ոստիկանները արձանագրության մեջ ոչ հավաստի տեղեկություններ են նշել, թե ես չեմ ենթարկվել օրինական պահանջին. «Հայաստան» դաշինքի անդամ

Իշխանությունը փորձում է անօրինական մեթոդներով լռեցնել ընդդիմության ձայնը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Para.TV-ի փոխտնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին, Անժելա Նալբանդյանին բերման են ենթարկել Հանրապետության հրապարակի տարածքից:

Վերջինս նշեց, որ իրեն բերման են ենթարկել անհնազանդության ակցիան լուսաբանելիս.

«Ես անցնում էի Հրապարակի տարածքով, տեսա որ այնտեղ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներից, սկսեցի նկարել՝մեր լրատվամիջոցում ներկայացնելու համար: Ոստիկանները պահանջեցին, որ հեռանամ ակցիայի վայրից, ես էլ բավականին հեռացա, բայց կարմիր բերետավորները եկան և կոպիտ ձևով բերման ենթարկեցին ինձ»,-ասաց Անժելա Նալբանդյանը և նշեց, որ իրենց բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չհետևելու հիմքով.

«Իրենք իրենց արձանագրության մեջ ոչ հավաստի տեղեկություններ են նշել, թե ես չեմ ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, դրա համար են ինձ բերման ենթարկել: Այնինչ, ես ենթարկվել եմ և ոստիկանի պահանջին հեռացել եմ ակցիայի վայրից»:

Վերջինս նշեց, որ իրեն բերման են ենթարկել առանց որևէ բացատրություն տալու, բերման ենթարկելուց և 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել, իսկ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ.

«Որևէ բացատրություն չէին տալիս, ինչու՞ են բերման ենթարկում:Ես հետո իրենց արձանագրության մեջ եմ տեսել,որ բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Անգամ վայրը որտեղից ինձ բերման էին ենթարկել, սխալ էին նշել, ինձ բերման էին ենթարկել Վազգեն Սարգսյան փողոցից, բայց արձանագրության մեջ նշված էր Տիգրան Մեծի պողոտա».-ասաց Անժելա Նալբանդյանը:

Զրուցակիցը նշեց, որ չի հասցրել ներկայանալ, որ լրատվամիջոցի ներկայացուցիչ է,քանի որ միանգամից բերման ենթարկել:

Նրա խոսքով՝իշխանությունը տարբեր անօրինական և ռեպրեսիվ մեթոդներով փորձում է ընդդիմության ձայնը լռեցնել.

«Դրա փաստը «Հայաստան» դաշինքի կալանքի տակ գտնվող անդամներն են՝ Սյունիքի համայնքապետերը, բժիշկ Արման Չարչյանը և այլք»,-ասաց Անժելա Նալբանդյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ