Խոտ չկա. Վերին Շորժայում թշնամու քթի տակ անասունների համար ձմռան պաշար են հավաքում

Չնայած գյուղի սահմաններին թշնամու ներկայությանը՝ Վերին Շորժայի բնակիչներն ամուր կպած են իրենց հողին։ Հիմա գարու բերքն են հավաքում, մի քանի օրից հողին պահ կտան աշնանացան ցորենը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«500 մետրի վրա թշնամին դիմացդ կանգնած է, ինչպես կարող ես չանհանգստանալ, բայց չենք կոտրվում, մենք մեր աշխատանքներն անում ենք, նույն սրտով, նույն հոգով հողի վրա կանգնած ենք»,- նշեց նա։

 

Հայաստանի պետական սահմանը խախտած թշնամու և հայ զինվորականների միջև վերջին օրերին միջադեպեր չեն գրանցվել։ 

Երանոսյանն ասում է` թշնամու դեմ դիմաց երկրորդ բանակային կորպուսի զինծառայողներն են կանգնած, գյուղի տարածքում` գյուղացիները, որոնք չեն պատրաստվում ո՛չ անասուններին վաճառել, ո՛չ էլ հարազատ գյուղից հեռանալ. մինչև թշնամին կհեռանա գյուղի սահմաններից, գյուղապետն օրինակ է ծառայում համագյուղացիներին։

 

«Ես էլ մեծ ֆերմա ունեմ, բայց այս ընթացքում մի գլուխ չեմ վաճառել։ Եթե նույնիսկ մեկ գլուխ անասուն վաճառենք, ժողովրդի մեջ խուճապ կառաջանա»,- պարզաբանեց Երանոսյանը։

Գյուղի ղեկավարի խոսքով` Գեղարքունիքի մարզում, ի տարբերություն Սյունիքի, թշնամու ոտքը խոտհարքերին չի հասել, արոտավայրերն են իրենցով արել, բայց Երանոսյանը սրտնեղում է` այս տարի բերքն այն չէ, խոտի անհրաժեշտ պաշար հավաքելու համար էլ ստիպված են ավելի շատ չարչարվել։ 

 

«Ոչ ոք խոտ չի վաճառում, չկա, որ վաճառեն։ Եթե գյուղացիներից ամեն մեկը կարողանա ձմռան պաշար հավաքել և իր անասուններին կերով ապահովել, մեծ գործ արած կլինի, էլ ուր մնաց վաճառեն»,- ասաց նա։