
ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները.ՀԺ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից օրեր առաջ արված հայտարարությունները արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում: Այս մասին ՀԺ-ին փոխանցել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Իսկ Շուշիի գրավման մասին հատվածն ուղարկվել է ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար»:
Հարցին՝ Հոխիկյանը հարցաքննվե՞լ է, Աբրահամյանը նշեց, որ նյութերը նոր են ուղարկվել ուսումնասիրության, քննչական գործողություններ դեռ չեն եղել:
Հիշեցնենք՝ Հոխիկյանն օրեր առաջ անդրադարձել էր 2019 թ. ««Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը Ղարաբաղի հարցի շուրջ Արցախի շրջանների, Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին:
Հոխիկյանի տարածած այս հայտարարությունն արդեն հերքել է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը նշել է՝ հերքում է պահանջում Հոխիկյանից, եթե ոչ, ապա պատրաստվում է դատի տալ նրան:
Եղելությունը հերքել է նաև Ալեքսանդր Լապշինը: «Ես երբեք չեմ լսել խոսք «հազարավոր սպանված հայերի» մասին, նման խոսակցություններ չեն եղել, և ինձ հետ նման բան չի քննարկվել»,- գրել էր բլոգերը: