Միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող գերիներին այցելելու համար. Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել

Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհրաժեշտություն է։ Տեղեկությունը տարածել է փաստաբանների պալատը` հավելելով, որ նման եզրակացության են եկել փաստաբաններն այսօր կայացած քննարկման արդյունքում։

 

«Գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են բոլոր հնարավոր ռիսկերը փաստաբանների Ադրբեջան ուղևորվելու և այնտեղ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված:

 

 Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են եզրակացության, որ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհրաժեշտություն է։ Այդ նպատակով գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում՝ դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը: 

 

Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատը կրկին ընդգծում է, որ խոսքը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը Ադրբեջանի ներպետական օրենսդրությանբ նախատեսված դատարաններում իրականացնելու մասին չէ և միանում է ՀՀ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն գնահատականին, որ այդ դատավարությունները լեգիտիմ համարվել չեն կարող:»,–նշված է հաղորդագրության մեջ։ 

 

Հիշեցնենք, որ փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ Ադրբեջանի դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոց չեն կարող տրամադրել մեր գերիներին։ Հարցն այն է, որ տեղի դատավարությունները ձևական բնույթ են կրում` նախապես որոշված ակտերը լեգիտիմացնելու համար։ Ուստի, Բաքվում գերիներին տեսակցելու ընթացքում, պետք է քննարկվի նրանց անունից ՄԻԵԴ դիմելու հնարավորությունների հարցը։