Ղազանչեցոցի հայկական ծագման հարցում ռուս ուղղափառ հոգևորականները կասկածում են

Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի հանրային կապերի բաժնի ղեկավար, քահանա Կոնստանտին Պոմինովը Ղազանչեցոց տաճար այցելելուց հետո ասել է. «Մենք եղել ենք հին եկեղեցում։ Կասկածներ կան, որ դա ուդիների տաճար է»։

 

Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռն արձագանքել է Շուշիում ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հնչեցրած հայտարարություններին: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու, հոգեշնորհ հայր Շահե Անանյանը Ղազանչեցոց տաճարի «ոչ հայկական լինելու» մասին Շեյխ ուլ Իսլամի պնդումներն անվանել է «կեղծ» և մեղադրել նրան այսպես կոչված աղվանա-ուդիական եկեղեցու կեղծ օրակարգ ստեղծելու փորձի մեջ: Ի՞նչ է իրականում թաքնված Արցախի քրիստոնեական գլխավոր սրբավայրերի պատկանելությունը կասկածի տակ դնելու` ադրբեջանցի հոգևոր առաջնորդների հերթական փորձի հետևում։

 

Հիշեցնենք որ անցած շաբաթվա վերջին նախագահ Ալիևի վարչակազմն ու Ադրբեջանի մահմեդականների վարչությունը կազմակերպել էին երկրում պաշտոնապես ճանաչված կրոնական դավանանքների ղեկավարների ու ներկայացուցիչների այցն Արցախ։ Պատվիրակության կազմում էին լեռնային ու աշքենազական հրեաների համայնքների ռաբբիները, Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բաքվի օրդինարը, Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի ներկայացուցիչները, Գազիների խորհրդի անդամները, ինչպես նաև ոմն Ռոբերտ Մոբիլի, որին Ադրբեջանում անվանում են «աղվանա-ուդիական քրիստոնեական եկեղեցու առաջնորդ»: Հոգևոր գործիչներին ուղեկցում էր անձամբ Փաշազադեն։

 

Շուշիում հյուրերին, իհարկե, տարել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որն ադրբեջանցիներն անվանում են «Ղազանչի»։ Ինչպես հայտնի է` այժմ վերականգնողական աշխատանքների պատրվակով փորձում են փոխել այդ տաճարի տեսքը, որ թաքցնեն դրա հայկական պատկանելությունը։ Այն, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հենց նման խնդիր է դրել, ըստ էության, հոգևոր առաջնորդների հետ զրույցում հաստատել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։