
Վրաստանը նախատեսել է սահմանափակել ժամանցային միջոցառումները. համաճարակային իրավիճակն ավելի է վատթարանում

Վրաստանում համաճարակային իրավիճակն ավելի է վատթարանում, այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան`նշելով, որ վարակն արագորեն տարածվում է, և այդ ցուցանիշն էլ ավելի կբարձրանա, եթե չձեռնարկվի ակտիվ միջամտություն: Դա ասելով, պաշտոնյան նկատի ունի պատվաստումները և անձնական պաշտպանության միջոցները, գրում է aliq.ge-ն:
«Ամառ է, հանգստավայրերը բացվել են, անցկացվում են ժամանցային միջոցառումներ, որոնց մարդիկ մասնակցում են առանց դիմակների և հեռավորություն պահպանելու, ինչը բարդացնում է համաճարակային իրավիճակն ու մեզ ստիպում մտածել ժամանցային միջոցառումները սահմանափակելու մասին»,- ասել է Գաբունիան:
Հուլիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1398 նոր դեպք, մահացել է 11 հիվանդ, ընդհանուր՝ 5 503: