
Շինծու է ու անլուրջ․ Առուշանյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Առաջին ատյանի դատարանը շարունակում է քննել դատախազության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատարանի շենքի առջև լրագրողների հետ զրույցում Առուշանյանն ասաց, որ կանխատեսումներ չունի` կապված դատարանի որոշման հետ: Հայտնում է Sputnik Արմենիան։
«Կանխատեսումներ չանեմ, կարծում եմ` նույնը կլինի, էլի, խնդիր են դրել, խնդիր են կատարում։ Մեղադրանքը շինծու է, անլուրջ է»,- ասաց Առուշանյանը։
Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշել է, որ գործը բացառապես քաղաքական է, որևէ իրավական գործընթաց չկա:
«Այստեղ գործ չունենք առհասարակ իրավաբանության հետ, գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Այս ամեն ինչը ձևական գործընթաց է, սակայն մենք պարտավոր ենք պաշտպանել Առուշ Առուշանյանի սահմանադրական իրավունքը», - ասաց նա:
Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով ((քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։